Երևանի օրհներգը

Խոսքը՝ Պարույր Սևակի
Երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի
ԷՐԵԲՈՒՆԻ–ԵՐԵՎԱՆ
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի, դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
ԿՐԿՆԵՐԳ: Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:
◄Վերադառնալ